Օր 3 Խորոտ Մուշ, զով Բինգյոլ, խոժոռ Էրզրում / արևշատ Ալաշկերտ, զով Սարիղամիշ
Մուշ քաղաք, հին Մուշ, Սբ. Մարինե եկեղեցի
Մշո դաշտ, Արածանի-Արևելյան Եփրատ, Սուլուխի կամուրջ
Մշո Սուլթան Սուրբ Կարապետ
Բինգյոլի լեռներ, Էրզրում (Թեոդուպոլիս, Սանասարյան), Բասեն, Հովվի կամուրջ, Արաքս
ԿԱՄ Ալաշկերտ, Մանազկերտ, Բուլանըխ, Նազիկ լիճ
Սարիղամիշի լեռներ և անտառներ
▶️ Մուշի հին թաղում ենք, միայնակ է, որբ է Սուրբ Մարիամի կիսավերակը, դեռ մի քանի խարխուլ տուն հայերից, հայկական գերեզմանոց՝ այլևս բան չի մնացել: Սպասում է քաղցր դաշտը, ուր մեզ մկրտած Արածանիի սուրբ ջրերն են: Սուլուխի կամուրջն է սա, հիշու՞մ ես մեր քաջ հայորդուն, Չաուշին... Վեր դեպի Հավատամք, Մշո Սուլթան Սբ. Կարապետ, մեծ էիր, կիրթ և ազդեցիկ, ավերակ ես այսօր, բայց անունդ անմահ է:
Պետք է կտրել-անցնել Բինգյոլի և Այծպտկունքի լեռները և կիջնենք Կարին-Էրզրում: Դեռ կանգուն է հին Կարինի բերդը՝ Թեոդուպոլիս էր կոչվում, բայց այսօր քաղաքի խորհրդանիշն է Չիֆթե մինարեն: Ահա և Սանասարյան վարժարանը. հայոց նշանավոր կրթօջախ, ցավոք այսօր այլ նպատակի ծառայող, բայց գոնե կանգուն, գեղեցիկ, խիստ տպավորիչ: Դեպի արևելք՝ Բասենի առատ դաշտն է, իսկ Արաքս-Մուրցի վրա հիասքանչ Հովվի կամուրջը:
ԿԱՄ Մշո դաշտից դեպի Տարոնի և Բզնունիքի խորք՝ Նազիկ և Խաչ լճեր, Բուլանուխ: Ապա հպարտ Սիփանի ստորոտով և Մանազկերտի դաշտով հացաշատ Բագրևանդ և Ալաշկերտ:
Արաքսի հոսանքով վեր դեպի զով և կանաչ Սարիղամիշ: Սարիղամիշի կամ Կարսի հյուրանոց: (ավելի մանրամասն տե՛ս...)
Առավոտյան կայցելենք Մուշի հին թաղամասի Սբ. Մարինե եկեղեցու կիսավերակը, որտեղից երևում է հայկական գերեզմանոցը, ուր ասում են թե՝ գտնվում էր նաև Գևորգ Չաուշի գերեզմանը: Ապա կիջնենք Մշո դաշտ, Եփրատ-Արածանի գետի մոտ, ուր կտեսնենք հայտնի Սուլուխի կամուրջը, հայդուկապետ Գևորգ Չաուշի նահատակման վայրը: Կանցնենք Մշո դաշտով և կբարձրանանք Հավատամքի լեռներ, ուր գտնվում են անջնջելի տպավորություն թողող Մշո Սուլթան Սբ. Կարապետ վանքի ավերակները: Մշո դաշտից Բինգյոլի լեռներով կուղևորվենք դեպի հյուսիս՝ Բարձր Հայք: Կարին-Էրզրում, տեսնենք Թեոդուպոլիս ամրոցը, Սանասարյան վարժարանի շենքը, Չիֆթե Մինարե մեդրեսեն: Էրզրումից կշարժվենք դեպի Բասեն քաղաք, ճանապարհից ոչ հեռու կտեսնենք Բասենի հին բերդը կամ Հասան Քալան: Կանցնենք այն և կանգ կառնենք գեղեցիկ Հովվի կամրջի մոտ, ուր խառնվում են Արաքս և Մուրց գետերը: Ապա Արաքսի հոսանքով և Կարմիր Փորակի լեռներով կճանապարհվենք դեպի Սարիղամիշ: Գիշերակաց հյուրանոցում Սարիղամիշում կամ Կարսում:
ԿԱՄ
Մշո դաշտից, Արածանիից արևելք կշարժվենք դեպի Նազիկ լիճ, Բուլանըխ, Մանազկերտ, Ալաշկերտ:
Բուլանուխն անցնելով կկանգնենք և կվայելենք լեռների մեջ թաքնված զմրուխտյա Նազիկ և Խաչլի լճերն իրենց ամբողջ գեղեցկությամբ: Ապա նախկինում հայաբնակ գյուղերով ճանապարհը կհասցնի Մանազկերտի դաշտ և հրաշալի պահպանված բերդ: Այնուհետև Սիփան լեռան ստորոտով կհասնենք Բադնոց և Դութաղ գյուղեր և Արածանիի կիրճով Բագրևանդ: Բագրևանդով անցնում ենք Ձիրավի դաշտի մոտով, ուր 371 թ. Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյանը պարտության մատնեցին պարսից զորքը: Ձիրավի դաշտից ճանապարհը կբերի Ալաշկերտ, ապա Ալաշկերտի դաշտով Երասխաձոր և Սարիղամիշ: Գիշերակաց Սարիղամիշում կամ Կարսում: | |